Հասմիկ Լեյլոյան

Hasmik Leyloyan

ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստ, Միջազգային մրցույթների դափնեկիր, Միջազգային մեծ հանրագիտարանի ոսկե մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ, բազմակողմանի դրսևորումներով արվեստագետ, որի կատարողական արվեստը քաջ հայտնի է աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ նա բարձր մակարդակով ներկայացրել է հայկական քանոնը և Հայաստանը:      

Հասմիկ Լեյլոյան քանոնահարուհին ընդգրկված է աշխարհի ավելի քան 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում:

Մեծատաղանդ արվեստագետը հսկայական ներդրում ունի հայկական քանոնի կատարողական արտահայտչամիջոցների, տեխնիկայի զարգացման և միջազգային ասպարեզում հայկական քանոնի  ճանաչման ու հաստատման գործում:

Հասմիկ Լեյլոյանը հայկական քանոնի դասական դպրոցի նորարարն է ոչ միայն իր ստեղծած կատարողական նոր ձևերով, այլ նաև քանոնի կատարողական պատմության մեջ հիմք դնելով երկու բաժնից կազմված համերգներին (1974թ. առաջին մենահամերգ): Քանոնահարուհու նորարարության և յուրահատուկ մտածողության արդյունքն է իր կողմից կատարած դասական ստեղծագործությունների փոխադրություններն ու մշակումները  և դրանց փայլուն, անզուգական կատարումները: Կատարումներ, որոնք նորովի են բացահայտում նվագարանի լայն հնարավորությունները (Սառատե «Գնչուական մեղեդիներ», Խաբաներա Լիստ- Հունգարական  ռապսոդիա N2, Ալբենիս- Լեգենդ, Սեն-Սանս- Ինտրոդուկցիա ռոնդո կապրիչչիոզո, Շոպեն վաս N7, Պագանինի- 24 կապրիս, Վենետիկյան կառնավալ և այլն): Ստեղծագործական բեղուն և հագեցած ուղղի անցած արվեստագետն անթերի կերպով տիրապետում է քանոնի թե՛  վիրտուոզ, թե՛ արտահայտչական հնարքներին և հանդես է գալիս ժողովրդական, հոգևոր և դասական բարդ ստեղծագործությունների փայլուն կատարումներով, որի համար էլ միջազգային հարթակներում նրան անվանում են «Քանոնի Թագուհի» (Queen of kanoon):

Ծնվել է Երևանում , աշխատավորի ընտանիքում: Հայրը՝ Արարատ Արտաշի Լեյլոյանը ծնվել է Թբիլիսիում: 16 տարեկանից ընտանիքը տեղափոխվել է Երևան: Երիտասարդ տարիներին սիրողական զբաղվել է երաժշտությամբ, հետագայում իր մեծ սերը դեպի արվեստը փոխանցել է իր երեխաներին: Մայրը՝ Հրանուշ Վահանի Հովսեփյան- Լեյլոյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Լենինական): 19 տարեկանում ամուսնացել է և տեղափոխվել է Երևան: Մեծ եղբայրը՝ Արտաշես Արարատի Լեյլոյանը ծնվել է Երևանում: Լինելով տաղանդավոր երաժիշտ՝ քամանչահար և դիրիժոր,նա մեծ դեր է խաղացել Հասմիկ Լեյլոյանի՝ երաժիշտ կատարողի ձևավորման գործում: Ամուսինը՝ Ռուբեն Ղազարի Ասատրյան                                                                                      Աղջիկը՝ Կարինա Ռուբենի Աստատրյան                                                                                       Տղան՝ Կարեն Ռուբենի Ասատրյան                                                                                                 Հասմիկ Լեյլոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված կոմպոզիտոր, պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանի դասարանում: Հ. Լեյլոյանը ժողովրդական նվագարանների ամբիոնի առաջին շրջանավարտն է, որից հետո անմիջապես աշխատանքի է անցել նույն բուհում որպես քանոնի դասախոս:                                                                                                                                  70-ականներից  Հասմիկ Լեյլոյանը ծավալել է համերգային և մանկավարժական բուռն գործունեություն: Երկար տարիներ եղել է հայպետֆիլհարմոնիայի և Մոսկվայի «Սոյուզ կոնցերտի» միակ մենակատար քանոնահարուհին:                                                                                                                                                   Հանդես է եկել Մոսկվայի պետֆիլհարմոնիայի «Օսիպովի» անվան ժողովրդական գործիքների, Թունիսի, Թորոնթոյի, Մարսելի, Լիոնի, Սիդնեյի, Բեյրութի, Կորդոբայի, Կարագանդայի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ:                                                                  1991թ.-ից Հ. Լեյլոյանը երկար տարիներ համագործակցում է տաղանդավոր և աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ, ինչպես նաև հայ և տարբեր ազգերի ճանաչված ու սիրված երաժիշտների հետ՝ Ջիվան Գասպարյան, Հիբա Ալ Քավազ, Պեդրո Յուստաշ, Ամինա Սերարֆի, Դավիդ Կոչերման, Նադիշանա Վադիհ Էլ Սաֆի, Ռուսիո Մարքեզ, Լոթվի Բուշնակ, Մա Քսիո Հուի և ուրիշներ:                                                              Հասմիկ Լեյլոյանը հյուրախաղեր է ունեցել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՆՈՆԻ գրավոր հիշատակումներին հանդիպում ենք 5-րդ դարի հայոց պատմիչների մատյաններում: Քանոնը համարվում է արևելյան գործիք, որը մեծ տարածում ունի Հայաստանում, Արաբական բոլոր երկրներում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում և այլն: Սակայն հայկական քանոնը տեմպերացված է և տարբերվում է այլ երկրների քանոններից իր կատարման ձևով, լադային կառուցվածքով և հնչողությամբ:                                                                        Հասմիկ Լեյլոյանն ունի ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ (CD) `«Քո հոգու երգը», «Զարթոնք», «Աշխարհի շուրջ», «Կոլաժ», «Նոստալգիա», ինչպես նաև «Ոսկե հնչյուններ», «Վերադարձիր» DVD-ները և այլն:                                                                                                                                  Հրատարակված միջազգային բարձր վարկանիշ ունեցող ձայնագրման ստուդիաների կողմից: Նա հեղինակ է Քանոնի բազմաթիվ ժողովածուների և ձեռնարկների՝ «Ընտիր երկեր», «Փոխադրություններ քանոնի համար», «Համերգային ստեղծագործություններ քանոնի համար», «Քո հոգու երգը», «Սիրված մեղեդիներ»,  Քանոնի կատարողական տեխնիկայի զարգացման և նոր կատարողական ձևերի դասագիրք, «Քանոնի հայկական դպրոց» երկմասանի դասագիրք, որտեղ ներկայացված են նաև նվագարանի ուսուցման աշխատանքները:                                                                                                                                       Հ. Լեյլոյանն իր երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում կրթել է երաժիշտ կատարողների մի քանի  սերունդ ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանյան տարբեր երկրներից:                                                                                                                                                                                                                                                                        Տասնյակ տարիներ վարպետաց դասեր է անցկացնում տարբեր կրթօջախների դասատուների և սաների համար: Մասնագիտական մեթոդական իր խորհուրդներով օգնում է նրանց տիրապետելու գործիքի մանկավարժական և կատարողական առանձնահատկություններն ու գաղտնիքները: Համագործակցում է  ՀՀ մշակույթի նախարարության մեթոդ կաբինետի հետ որտեղ ստեղծել է քանոնի նոր ուսումնական ծրագրեր և մեթոդական ցուցումներ:                                                                                                                                         Հ. Լեյլոյանը հաճախ հրավիրվում է միջազգային մրցույթների որպես ժյուրիի անդամ Հայաստանում և արտասահմանյան այլ երկներում:                                                                                                         Հ. Լեյլոյանի համերգային և դասավանդման ծրագրերը շատ բազմաժանր են, սկսած հայ հոգևոր երաժշտությունից մինչև հայ ժողովրդական, ժամանակակից, համաշխարհային դասական և ջազային ստեղծագործությունների կատարումներ:                                           2014թ.-ին ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստ պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպեց, առաջին անգամ Հայաստանում «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» (Silk Road) միջազգային փառատոնը: Որտեղ հրավիրված էին 12 երկրներից ճանաչված և սիրված ազգային գործիքների կատարող երաժիշտներ:                                                                         2017թ.-ին ստեղծել է «Զվարթնոց» քանոնահարների անսամբլը, «Հայ գանձեր» տաղանդավոր երեխաների անսամբլը, «Կամերտոն» կամերային անսամբլը և այլն:                                                                                                                            Հասմիկ Լեյլոյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, կոչումների, դիպլոմների, պատվոգրերի  և շնորհակալագրերի Հայաստանում և օտար երկրներում: Արաբական Էմիրությունների կողմից արժանացել  է  Շեխ Մուհամեդ Բին Զահիդ Ալ Նահյանի մեդալին, Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալին, Բահրեինի մշակութային նախարարության հատուկ մրցանակին, Սիրիայի մշակույթի նախարարության հատուկ մրցանակին և այլ:                                                                                                                                    80-90-ականներից Հ. Լեյլոյանը ստեղծել է նոր քանոն, որի լարվածքը խրոմատիկ է: Հանված են բռնակները(որի միջոցով ստանում ենք կիսատոները), որոնք խոչընդոտում էին տեխնիկայի ազատ տիրապետմանը: Այսօր արդեն պատրաստված է առաջին գործիքը՝ քանոնի հայ մեծ վարպետ Ապրես Վանոյանի կողմից, որը կամաց-կամաց կմտնի երաժշտական ասպարեզ և այն կկոչվի 21-րդ դարի հայկական քանոն:                Անգնահատելի է Հասմիկ Լեյլոյանի քանոնի հայ կատարողական դպրոցի նորարարի ավանդը՝ Հայկական քանոն ժողովրդական նվագարանի դասավանդման և տարածման գործում: