Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում: 1966-1976 թթ. սովորել է Երևանի թիվ 54 միջն. դպրոցում: 1976-1979 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ուսանել Վարդան Աճեմյանի, Հրաչյա Աշուղյանի, Արտաշես Հովսեփյանի և Էլզա Գյուլեսերյանի արվեստանոցում: 1979 թվականին ուսումը շարունակել է Երևանի հայկական մանկավարժական իստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1987 թվականից սկսած` ծավալել է մանկավարժական գործունեություն` սկսելով Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջն. դպրոցից, որտեղ դասավանդել է «Էթիկա և էսթետիկա» առարկան իր իսկ հեղինակային ծրագրով` միևնույն ժամանակ վարելով դպրոցի գրադարանի վարիչի պարտականությունները:
1995 թվականից սկսել է դասավանդել նույն առարկան Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջն. դպրոցում, որտեղ և ստեղծել է «Ինդիվիդիում» դպրոցական թատրոնը, որը գործել է շուրջ 7 տարի: Այդ տարիների ընթացքում բեմադրել է շուրջ 15 ներկայացումներ: Դպրոցում հիմնել է Խ. Դաշտենցի թանգարանը և նշանակվել թանգարանի տնօրեն: 2000 թվականից Երևանի Ե. Չարենցի անվան դպրոցում ստանձնել է կազմակերպչական և դաստիարակչական գծով փոխտնօրենի պաշտոնը: Վերապատրաստվել է և դասավանդել «Իրավունք» առարկայաշարը: 2005 թվականի փետրվարից ստանալով հրավեր ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից` ստեղծել է «Համալսարանական» թատրոն-ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն ու բեմադրիչն է մինչ այժմ: Կարինե Դավթյանը նաև համալսարանում իրականցված մի շարք մշակութային ծրագրերի հեղինակ է (ԵՊՀ մեծարման և 1-ին կուրսեցիների երդման արարողություն, մշակութային դաստիարակությունը որպես ուսանողի հոգեկերտվածքի խթան, ԵՊՀ կինոակումբ և այլն):
2006 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն` համատեղելով «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ. ղեկավարի և բեմադրիչի աշխատանքները, բեմադրել է շուրջ 11 ներկայացում: 2021թ․-ից «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ –ի հիմնադիր նախագահն է։