«Նկարներ ապագայից» … մաեստրո Վազգեն Բաժբեուկ — Մելիքյանի կախարդական աշխարհը

«Նկարներ ապագայից» … մաեստրո Վազգեն Բաժբեուկ — Մելիքյանի կախարդական աշխարհը

Արդեն 20 տարի է, ինչ  հայ ժամանակից գեղանկարչությանը բեկումնային էներգետիկա ու նոր ուղղություն հաղորդած արվեստագետ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա ժառանգած կախարդական կոմպոզիցիաների ու  ձգողական ուժով կլանող գաղափարների շնորհիվ  մաեստրոյի հոգին ու շունչը թևածում է արվեստասեր մարդկանց շրջանում։  Երկար տարիների ընդմիջումից հետո 2025  թվականի Հոկտեմբերի 10-ից 20-ը ՀՀ նկարիչների միությունում նկարչի որդու՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի ջանքերով կազմակերպվեց արվեստագետի «Նկարներ ապագայից»  խորագիրը կրող ցուցահանդեսը։

ԱՊԱԳԱՅԻՑ....

Արվեստագետն ինքը կանխատեսել էր, որ իր ժամանակակիցներից շատերը դեռևս պատրաստ չեն հասկանալ՝ ինչ է նկարում, և իր հաշվարկներով քսան-քսանհիգ տարի հետո նոր իրեն կհասկանան։ Ցուցահանդեսի բացման խոսքում նկարչի որդին առանձնացրեց, որ այդ շրջանն արդեն եկել է։ Մահվանից անցել է ուղիղ քսան տարի։

 

«Վազգենը պահպանում էր հոգու մաքրությունը, եվ անկախ նրանից արվեստասերը կհասկանար կտավը, թե չէ, նրա սրտի զարկերն

ամեն ստեղծագործության մեջ են»- հարցազրույցներից մեկում նշում է կինը՝ տիկին Ջեմման[1]:

Թեև  մաեստրոյի ստեղծագործություններին ծանոթանալու  ու նրա ներաշխարհի որոնումներն ընկալելու համար տասը օրը  բավականին քիչ է, հատկապես երիտասարդ սերնդի համար, ովքեր նոր-նոր քայլեր էին անում նրան բացահայտելու, բայց բոլոր օրերի ակտիվ այցելություններն ու կարծիքներն ապացուցեցին՝ նույնիսկ կարճաժամկետ, բայց խիստ անհրաժեշտություն էր այս ցուցահանդեսը։

«Օդում շատ չարություն կա, իսկ դա բարդ է արվեստի մաքրության  համար, միայն տիեզերքն է օգնում» - նկարչի նամակներում պահպանված այս խոսքերն այսքան արդիական են հենց հիմա, հենց այս պահին, ու հաստատ պատահական չէ, որ Բաժբեուկ-Մելիքյան արվեստագետների բացառիկ ընտանիքի ամենամիստիկ ներկայացուցչի՝ Վազգենի ստեղծագործությունների ցուցահանդեսը երկար դադարից հետո կազմակերպվեց հենց հիմա, երբ հայկական իրականությունը մաքրագործման, ինքնությունը խորապես հասկանալու, սխալների ուղղում անելու ու հայկական մշակույթի հիմքով վերածնվելու ու առաջ շարժվելու այդքան կարիքն ունի։ Ցուցահանդեսն ինքներս մեզ, մեր ներաշխարհ ներթափանցելու, մի պահ կանգ առնելու ու աշխարհից կտրվելու, մտածելու, արմատներ վերադառնալու ու միաժամանակ ապագայի համար ելքեր փնտրելու մի յուրահատուկ հարթակ էր: «Վազգենի ժառանգությունը փարոս է, որը լուսավորում է նրանց, ովքեր համարձակվում են երազել ներկայի սահմաններից դուրս» [2]։

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում են ընտանիքին, կան նաև մասնավոր հավաքածուներից գործեր։ Ընդհանուր դիտողին է ներկայացվել 54 գործ՝ մեկը մեկից յուրահատուկ, խորհրդանշական, ամեն մեկը մի առանձին պատմություն, բայց և տիեզերական ուժով փոխկապակցված՝ անվերջ ուսումնասիրման ու բացահայտման արժանի:

Ընտրված հավաքածուն դուրս էր ամեն տեսակ ուղղություններից, ամենուր ճառագում էր առանձնահատուկ՝ «Բաժբեուկյան» ձեռագիրն ու շունչը՝ յուրաքանչյուր դետալի անսպասելի ու միաժամանակ բարդ լուծումներով, կարելի է մի քանի անգամ նայել ու ամեն անգամ նորովի զգալ ու բացահայտել կտավը, անընդմեջ  երևակայել՝ մի կողմից ավետարանիչների ես տեսնում, հաջորդ անկյունից նայելիս՝ կնոջ ֆիգուր, մեկ այլ լույսի տակ՝ խորհրդավոր տեսարաններ, կնոջ և տղամարդու միաձուլման, էությունների փոխակերման վարիացիաներ։  Առանձնահատուկ տեղ ունեին ընտանիքի անդամներին նվիրված աշխատանքները, որոնց կարծես մաեստրոն  անդրադարձել էր հատուկ զգուշությամբ ու նրբությամբ: Թույլ տվեք առանձնացնել Մայրիկի դիմանկարը՝ այդքա՜ն քնարական, այդքա՜ն կարոտով, այդքա՜ն լուսավոր, որովհետև Մայրն է, որովհետև լույս է... Նկարիչը երազում էր տեսել Մայրիկի հոգին ու արթնանալուն պես նկարել էր...ստեղծագործությունն այդպես էլ առանձնանում է կարծես սրբապատկեր:

 «Նրա ստեղծագործությունները ուղղված են ոչ թե արտաքին աշխարհին, այլ արտացոլում են նկարչի հոգին ու միտքը։ Մեծ մասամբ նրա կոլաժները բարդ ու բազմաշերտ են, ամենատարբեր ֆակտուրաներից ու բազմապիսի նյութերից են կառուցված։ Կոլորիտային, ֆակտուրային հարուստ հագեցվածությունը և խտությունը նկարիչը ստանում է ոչ թե ներկերի, այլ նյութի միջոցով» -նշել է արվեստաբան Ինգա Կուրցենսը[3]:

Ներկայացված ասամբլյաժների մեծ մասն անվերնագիր էին, մաեստրոն թողել էր, որ դիտողը խորասուզվի կոմպոզիցիայի  մեջ ու իրենը գտնի,  հաղորդակցվի ու հարազատանա ստեղծագործության հետ։  Պետք է վստահորեն ասենք, որ սա հրաշալի աշխատում էր, ու հետաքրքիրն այն է , որ այցելուներն իսկապես իրենք իրենց պատկերացումներով էին մեկնաբանում ստեղծագործությունները։ Ձգողական ուժն այնքան մեծ էր, որ ամեն մեկն ուզում էր շոշափել, զգալ, հատկապես որ նկարիչն իր աշխատանքներն ամբողջացրել էր ոչ ավանդական լուծումներով՝ գեղանկարչական նյութերից զատ օգտագործելով հնարավոր ու անհնար տարբեր նյութեր՝ փայտ, կտոր, մատանու քարեր, թուղթ, տախտակներ, հուլունքներ, կոճակներ, անկողնու երկաթներ, խեցիներ ու մեխե՜ր, հազարավո՜ր մեխեր.... այցելուներից մեկը մի այսպիսի մեկնաբանություն արեց,- «Մարդ որքա՜ն պետք է սիրի կնոջը, որ կարողանա մեխերով այսքան գեղեցիկ  դիմանկար ստանալ»։ Այս մասին արվեստի քննադատ Կարեն Միքայելյանը գրում է.- «Կոլաժներն անում էր «մեռած» նյութերից ու  հասնում կատարյալ կենդանության, ու չգիտակցելով ստեղծել է իր «իզմը» հայ արվեստում՝ գեղանկարչական  կոլաժը[4]»:

Հայկական որմնանկարի, խաչքարերի, կարպետների, մանրանկարչության  նկատմամբ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հիացմունքն ու դրանց գիտակ լինելն իր անմիջական արտացոլումն է գտել ստեղծագործություններում՝ քարանձավային մշակույթից, ֆայումյան գեղանկարչությունից մինչև սրբապատկերներ, մանրանկարներ ու հայկական դասական գեղանկարչություն։ Նրա կտավները ճամփորդում են ժամանակի մեջ, ու դիտողին ակամա դարձնում մասնակիցն այդ  ճամփորդության։ Ինչպես նշվում է նոր պատկերագրքում՝ նկարիչը հսկում է արվեստը դարերի միջով։

Ի դեպ,ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց նաև  նկարչի թվով երրորդ պատկերագիրքը՝ սահմանափակ թվով տպագրված անվանական  նախապատվերով։ Ցուցահանդեսը բացառիկ էր նաև իր ձևաչափով. արվեստագետի որդին կազմակերպչական հատվածը վստահել էր առանձին մարքեթինգային կազմակերպության՝ «Բարև» դիզայն ստուդիային, և մասնավորապես ստուդիայի ղեկավար, երիտասարդ դիզայներ և պրոդյուսեր Մհերի Գաբոյանին։ Այս համագործակցությունը նորարարական շունչ էր տվել ցուցահանդեսի կազմակերպմանը՝ սկսած կտավի հիմքով տոմսերի տպագրությունից մինչև կատալոգի նախապատվերներ, հավաստագրեր ու կամավորների ներգրավվածություն: Տպագրվել էին «Բաժբեուկյան» գեղեցիկ  բացիկներ և նվիրում էին այցելուներին որպես հիշողության պատառիկներ։ Ցուցադրված էին նաև նկարչի ստեղծագործությունների հիման վրա տպագրած «Արտույտի» մետաքսյա շարֆերը:

Ամենը մտածված էր եվս մեկ անգամ ընդգծելու արվեստագետի բացառիկությունն ու նրա խոսքը հանրությանն ավելի հասանելի դարձնելու համար։ Իհարկե երկար ժամանակ կպահանջվի լիարժեք ընկալելու ամբողջ խորությունը։ Մեծերը գիտեին Վազգենին, ճանաչում էին, գալիս էին իրենց համար նորովի բացահայտելու: Երիտասարդների համար «Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան» արվեստագետն ու մտածողը գրեթե ամբողջությամբ նորություն էր, եղել են մարդիկ պատահական սրահ էին եկելմի քանի անգամ պտտվել են, հետո վերադարձել են նորից ստեղծագործությունները դիտելու, նկարչի աշխարհը հասկանալու:

Վստահորեն կարելի է ասել, որ նկարչի փիլիսոփայությունը մերօրյա արվեստասերներին փոխանցելու միտքն իր նպատակին հասել է՝ նաև որպես  լավատես լինելու, ներքին հավատը չկորցնելու մշակութային կոչ:

«Ժամանակ և տարածություն մինչև Աստված, ճանապարհն աշխատանքի մեջ է: Վստահում ես ինքդ քեզ, քո ներքին տեսողությանը, ու վե՛րջ: Ես կարողանում եմ դա անել, վախենում եմ միայն մարդուց ու կենցաղից, որ կոտրում են կյանքը, բայց ոչինչ: Երբ ամեն ինչ շատ վատ է և կոտրվում ես, Աստված սոսնձում է քեզ» (Վ. Բաժբեուկ-Մելիքյան)[5]: Ահա այս ներքին հավատն է ու ազնվությունն է, որ այդքան խորը շերտով արտահայտվել է նկարչի ստեղծագործություններում  ու ոգեշնչում է՝ ամեն դիտողի հնարավորություն տալով ճանապարհորդել իր արվեստի կախարդական աշխարհով, ապրել, էներգիա ստանալ, կապ հաստատել տիեզերքի հետ ու մաքրագործվել։

 

Այս ցուցահանդեսն իսկապես տոն էր արվեստասեր հասարակության համար ու դեռ երկար տպավորությունները կգործեն, և իհարկե, կարիք կլինի նոր ցուցադրությունների։

Հուսանք, որ մի օր նման մասշտաբայնություն ունեցող արվեստագետի համար պետական մակարդակով մշտական ցուցադրության սրահ կստեղծվի՝ հնարավորություն տալով անընդհատ հասարակությունը կրթելու Բաժբեուկ-Մելիքյանական  դաստիարակությամբ ու ազգային կոդով։

Նշենք նաև, որ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսին ներկա էին Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները: Նկարչի որդին՝ Սարգիսը եվս մեր ասոցիացիայի անդամ է:  

 

Լրացուցիչ նկարների կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/InternationalAssociationOfArmenianCulture/posts/pfbid036DsxwbWTXfbyWBAGtYeAK9zC6rHF1NRvEmvVDRGBhFQTQki19823NVUJmWF9ad9Al

 

 


 

[1] Տես` Լուրեր, «Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. «Նկարներ ապագայից»», հեղինակ՝ Յուրա Վահանյան https://www.facebook.com/lurer1tv/videos/571586228883204 ;

[2] Մհեր Գաբոյան, «Նկարկեր ապագայից» պատկերագիրք, Երևան, 2024,  էջ 22;

[3] Ազգային պատկերասրահի արխիվից

[4] «Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան» պատկերագիրք, 2013, Երևան, էջ 11

[5] Նկարչի նամակներից




Հեղինակ՝ Արևիկ Պռազյան
___