Հայ արվեստի և մշակույթի համաժողով

Հայ արվեստի և մշակույթի համաժողով

Նոյեմբերի 20-21-ին, տեղի ունեցավ Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ։
 
Համաժողովին մասնակցել է նաև Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավթյանը, ով այժմ նաև դասավանդում է Ատլանտայի հայկական դպրոցում:
 
Համաժողովը հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 250 սփյուռքահայ մշակութային գործիչների, որոնք երկու օր շարունակ կիսվել են իրենց փորձով, գաղափարներով ու ստեղծագործական մոտեցումներով։
 
Միջոցառումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։
 
Տիկին Դավթյանի խոսքերով «Վաղուց հասունացել էր ժամանակը սփյուռքի մշակութային գործիչներին մեկ հարթակում համախմբելու, տարբեր գաղափարների շուրջ միասնական աշխատանք տանելու համար: Իհարկե այդ համախմբումը պետք է լիներ Հայաստանում: Առաջին անգամ է նման համաժողով կազմակերպվում, բայց հույս ունեմ, որ այն շարունակական կլինի և մնայուն կլինեն այն համագործակցությունները, որոնք ձևավորվել են այս օրերին:
 
Ֆորումի ընթացքում ներկայացվեց մեկ ամիս առաջ հիմնադրված Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի գործունեությունը, որի գոյությունը հույս է ներշնչում, որ կկարողանանք լիարժեք գնահատել սփուռքի ներուժն ու համակարգված աշխատանքներ տանել թիրախային ծրագրերի իրականացման համար:
 
Մեծապես հույս ունեմ, որ կառույցը նաև ֆորումի մասնակցիներին հրապարակային ամփոփում կտա այս օրերին գեներացված գաղափարների ու ձևավորված համագործակցությունների շուրջ, և բոլոր քննարկումներն ավելի աշխատանքային ու կատարման փուլ կմտնեն»: